Մայր Աթոռը, արձագանքելով Ադրբեջանից հնչող այն պնդումներին, թե հայ հոգևորականները պետք է հեռանան Դադիվանքից, հայտնել է, որ հայ եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը, հայտնում է Aysor.am-ը:
Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին հայտարարել է, թե հայ հոգևորականները պետք է հեռանան Դադիվանքից, քանի որ «կապ չունեն այդ վանքի հետ»։ Նա ասել է, թե վանքը դասվում է Կովկասյան Աղվանքի հուշարձաններին և որ աղվանա-ուդիական քրիստոնյա համայնքը «վաղ թե ուշ կլուծի այդ հարցը»։
«Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը՝ շնորհիվ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելության, որով ապահովվում է վանքի անվտանգությունը։
Ինչ վերաբերում է Դադիվանքի աղվանական լինելու կեղծ պնդումներին, ապա պատմական անհերքելի փաստ է, որ վանքն ի սկզբանե եղել է հայկական և որևէ առնչություն չի ունեցել Աղվանից եկեղեցու հետ, առավել ևս՝ այսօրվա նորահայտ աղվանա-ուդիական կրոնական համայնքի հետ», -նշել են Մայր Աթոռից:
Ավելի վաղ՝ Aysor.am-ի հետ զրույցում Վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը նշել է, որ իրենք չեն պատրաստվում լքել Դադիվանքը: