Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Հնդկաստան կատարած այցի արդյունքում ՀՀ և Հնդկաստանի միջև նախապատրաստվում են համաձայնագրեր, որոնց ստորագրմամբ առողջապահության ոլորտում համագործակցության համար նոր էջ կբացվի, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Մանրամասները քննարկվել են առողջապահության նախարարի և Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հանդիպմանը:
Նշվել է, որ համաձայնագրերից մեկն ուղղված կլինի դեղագործության ոլորտում Հայաստանի ներուժին, որը կարող է գրավիչ լինել հնդկական կողմի համար` նաև ԵԱՏՄ շուկա մուտք գործելու տեսանկյունից:
Երկրորդ համաձայնագիրը նախատեսվում է կնքել առողջապահության նախարարության և Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարության միջև` հանրային առողջության և բժշկական գիտության բնագավառում:
Քննարկվել են նաև բժշկական տուրիզմի զարգացման հնարավորությունները, փոխպատվաստման ոլորտում ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաև մասնագետների փորձի փոխանակման ծրագրերը:
«Մեր երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը շատ բարձր է: Հուսով եմ` Ձեր առաքելությունը Հայաստանում ևս կնպաստի կոնկրետ ոլորտներում այդ ներուժի իրացմանը»,-ասել է Անահիտ Ավանեսյանը: