AM
3 May 2023 - 09:41 AMT

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Ծառուկյանի և Առուստամյանի վերաբերյալ գործը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործը, հայտնում է «Ազատությունը»

Բարձրագույն դատական խորհրդի փոխանցմամբ՝ նախնական դատական լսումներ են նշանակվել հաջորդ շաբաթ՝ մայիսի 8-ին, ժամը 11։00-ին:

Մեղադրանքը ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ընտրակաշառք տալը։ Երկուսն էլ չեն ընդունում 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կաշառք տալու մեղադրանքը։

Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրվարույթով հիմնավորվել է, որ կուսակցության («Բարգավաճ Հայաստան») նախագահ Գագիկ Ծառուկյանը և ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, հանցավոր խմբի կազմում, ՀՀ Ազգային ժողովի 2017-ի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք են տվել։