ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ եթե իրեն պաշտոնանկ անեն, ընդդիմությունը թեկնածու չի առաջադրի և պաշտոնը կմնա թափուր։
Նա հավելել է, որ դա կնշանակի, որ ընդդիմությունը որևէ պաշտոն չի ունենա խորհրդարանում, և Ազգային ժողովը կլինի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից բաղկացած խումբ, իսկ ժողովրդավարական երկրներում Ազգային ժողովը բաղկացած է իշխանությունից և ընդդիմությունից, հայտնում է «Փաստինֆոն»։
Թովմասյանը, անդրադառնալով ՔՊ-ականների կողմից իրեն անվստահություն հայտնելու գործընթացին, դա գնահատել է որպես քաղաքական ճնշում։
Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթացի հիմքն այն է, որ հանձնաժողովում ՄԻՊ թեկնածությունների հարցի քննարկման ժամանակ Թովմասյանն ընդմիջում չի հայտարարել, երբ իշխանական պատգամավորների և Էդգար Ղազարյանի միջև լեզվակռիվ է առաջացել, և չի հորդորել Էդգար Ղազարյանին ներողություն խնդրել 2018 թվականի իշխանափոխությունը ադրբեջանա-թուրքական համարելու համար։ Մինչդեռ, ըստ Թովմասյանի՝՝ ՔՊ-ականների մոտ ստելը սովորություն է դարձել։ Նրա խոսքով՝ Հովիկ Աղազարյանը ստել է, որովհետև ինքը երկու անգամ ասել է Էդգար Ղազարյանին՝ ներողություն խնդրել այդ խոսքի համար։
«Ես ընդմիջման մասին ասել եմ, իրենք չեն համաձայնել։ Ընդմիջումը հնարավոր չէ հայտարարել միաձայն, պետք է լինի հանձնաժողովի անդամների համաձայնությունը։ Իրենք քաղաքական ճնշում են գործադրում ինձ վրա, դա քաղաքական որոշում է։ Այդ օրը չորս պատգամավոր խոսում էին ինձ անվստահություն հայտնելու մասին, բնականաբար, հստակ դիրքորոշումով։ Առաջինն ասաց Հովիկ Աղազարյանը, հետո ՝ Արթուր Հովհաննիսյանը, Ռուստամ Բաքոյանը, Վլադիմիր Վարդանյանը։ Վլադիմիր Վարդանյանը պարզ ասաց՝ քվեարկեք մեր թեկնածուի օգտին, դա ձեր ապագայի համար շատ լավ կլինի»,- նշել է Թովմասյանը։
Թովմասյանի դիտարկմամբ՝ երբ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը քաշքշում է Էդգար Ղազարյանին, սպառնում, դրանում հանցակազմ չկա, բայց երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են վիրավորում, անմիջապես ձերբակալվում են։
«Աբսուրդ է, երբ պատգամավորը սպառնում է մարմնի մաս կտրել և շարունակում է լինել պատգամավոր»,- նշել է նա։
Խորհրդարանական ընդդիմության կողմից որպես ՄԻՊ թեկնածու առաջադրված հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պարտավորեցնելու ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանին և Ռուստամ Բաքոյանին ներողություն խնդրել իր հասցեին հնչեցրած վիրավորանք և զրպարտություն հանդիսացող արտահայտությունների համար։