Թուրքիայում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահների գագաթնաժողովին հաջորդած լիագումար նիստում ՀՀ պատվիրակներ Բաբկեն Թունյանն ու պատվիրակության անդամ Գևորգ Պապոյանը բարձրացրել են հայկական օրակարգի կարևոր հարցեր:
Թունյանն ասել է, որ Անկարայում կոչ է արել Ադրբեջանին հարգել իրենց իսկ կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչին ադրբեջանցիները բուռն են արձագանքել, գրում է Aysor.am-ը։
«Անդրադարձա Լաչինի միջանցքի շրջափակմանը, վերջին իրադարձություններին, անցակետ տեղադրելուն և կոչ արեցի Ադրբեջանին հարգել իրենց իսկ կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչին ադրբեջանցիները բուռն արձագանքեցին», – պատմել է նա։
Գևորգ Պապոյանը հավելել է, որ ինքը նույնպես խոսել է Արցախի շրջափակումից, նշել՝ ցեղասպանության վտանգ կա, որ մեղավորն ու պատասխանատուն Ադրբեջանն է։
«Ադրբեջանցիները իմ ելույթի ժամանակ տաքացան, ինձ մեղադրեցին սուտ խոսելու մեջ»,-ասել է նա։
Օրակարգի առանցքում է եղել խորհրդարանական դիվանագիտության դերը գլոբալ փոփոխությունների դինամիկայում:
Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։
ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: