AM
10 Մայիս 2023 - 10:26 AMT

Արցախից տեղահանվածները հավաքվել էին կառավարության մոտ․ Փախստականի կարգավիճակ են պահանջում

Արցախից տեղահանվածները հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ՝ նրանք պահանջում են, որ ՀՀ-ում իրենց փախստականի կարգավիճակ տան։

«Մենք ցանկանում ենք, որ Երևանում մեզ տուն տան, որպեսզի իշխանությունը հասկանա` ինչ տարածք զիջեն, այնտեղի բնակիչները գալու են Երևան, արդյունքում առաջանալու է ռեզոնանս»,– նշել են ակցիայի մասնակիցները, գրում է Sputnik Արմենիան։

Կառավարության դիմաց կազմակերպված ակցիան նրանք մտադիր են շարունակել նաև ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի ու ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանին է անցել Քելբաջարը, Աղդամի շրջանը, Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու էր Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել նաև Շուշին ու Հադրութը։