Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին, ասել է, որ եթե նախապայմաններ չլինեին, սահմանը վաղուց բացված կլիներ:
Թունյանը,անդրադառնալով հարցին, թե արդյոք Թուրքիան Ադրբեջանի գործոնը որպես նախապայման չի՞ դիտվում հայ-թուրքական հարաբերություններում, ընդգծել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում հայկական կողմի թեզն այն է, որ Թուրքիան չպետք է կախվածության մեջ մտնի երրորդ երկրների հետ Հայաստանի հարաբերություններից, հայտնում է Factor.am-ը։
«Մենք խոսում ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մասին: Բնականաբար, եթե նախապայմաններ չլինեին, այդ սահմանը շուտվանից բացված կլիներ: Հիմա, եթե մեր առաջ նախապայմաններ են քաշում, մենք էլ ասում ենք, որ ունենք մեր կարմիր գծերը և տեսլականը: Իսկ դա այն է, որ երկրներն իրար հետ պետք է ունենան նորմալ հարաբերություններ: Երկու երկիր իրար հետ հարաբերությունները կարգավորելու ժամանակ չպետք է կախվածության մեջ մտնեն երրորդ երկրների հետ մեր հարաբերություններից»,- նշել է պատգամավորը:
Ասուլիսին, որին մասնակցել է նաև ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը և պատվիրակության անդամ Գևորգ Պապոյանը, ասվել է նաև, որ «Զանգեզուրի միջանցքի» թեման թուրք-ադրբեջանական թեզ է, որը տիրաժավորել է ՀՀ ընդդիմությունը։
Մայիսի 3-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար` այդ որոշումը բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։ Ավելի ուշ նա հայտնել է, որ Թուրքիան փակել է օդային տարածքը դեպի երրորդ երկրներ ՀՀ VIP անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռի թռիչքների համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Երևանում «Նեմեսիսի» մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տեղադրմանը, ասել է, որ դա սխալ որոշում էր։ Նա նշել է, որ որոշումը կայացրել են քաղաքային իշխանությունները, ոչ թե կառավարությունը։