«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և «Էրմիտաժ» գեղարվեստական-պատմամշակութային թանգարանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Երկու թանգարանի ղեկավարությունն այս իրադարձությունը պատմական և նշանակալի է համարում երկկողմ գործակցության համար:
Թանգարանների ղեկավարների միջև պայմանավորվածությունը ձեռք էր բերվել փետրվարին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի՝ Սանկտ Պետերբուրգ այցի ժամանակ: Այդ ժամանակ էլ նախանշվել էին փոխշահավետ համագործակցության ուղղությունները։
«Էրմիտաժի» մասնագետ-հնագետները մայիսի 16-ին կժամանեն Հայաստան և կմիանան Կարմիր բլուրի պեղումներին, իսկ Գիտությունների ազգային ակադեմիայի հայ վերականգնողները վերապատրաստում կանցնեն պետական Էրմիտաժի հայտնի լաբորատորիայում, հայտնում է Sputnik Արմենիան։
«Մեզ համար չափազանց կարևոր է համագործակցությունը ռուս գործընկերների հետ։ Եվ «Էրմիտաժի» հետ փոխգործակցությունն այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի»,- ասել է Բադալյանը,
Նրա խոսքով` վերոնշյալ համաձայնագիրը պայմանավորվածությունների և նախագծերի մի ամբողջ համալիրի իրականացում է նախատեսում: Մասնավորապես, «Էրեբունիում» կբացվի «Էրմիտաժի» անկյուն։ Դա թույլ կտա բարձրացնել արգելոց-թանգարանի գրավչությունը։ Բացի այդ, «Էրեբունի» թանգարանի այցելուների մեծ մասը ռուս զբոսաշրջիկներ են։ Երևանն իր հերթին առաջարկել է Էրմիտաժի «Ուրարտու» սրահում ուրարտական շրջանի մոնումենտալ սեպագրերի ցուցահանդես կազմակերպել:
«Միայն այն փաստը, որ «Էրեբունին» ներկայացված կլինի «Էրմիտաժում», բարձրացնում է նրա հեղինակությունը», – ասել է նա:
Բացի այդ, «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի աջակցությամբ «Էրեբունին» և «Էրմիտաժը» համատեղ աշխատում են «Թեյշեբաինի» բուկլետի վրա, որի նախաբանը կգրի անձամբ Պիոտրովսկին:
Ռուս գործընկերներին էլ կարող է հետաքրքրել ուրարտական դարաշրջանի հայ մասնագետ-գիտակների փորձը։ Իսկ Երևանը կարող է կամուրջ դառնալ ռուս և օտարազգի հնագետների և վերականգնողների միջև։