AM
12 May 2023 - 11:23 AMT

Դուբայն արգելել է FlyOne Armenia-ի Երևան-Դուբայ չվերթի վայրէջքն օդանավակայանում

Դուբայն արգելել է FlyOne Armenia ընկերության չվերթի վայրէջքն օդանավակայանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

«Դուբայի ավիացիոն իշխանություններն իրարամերժ պատճառաբանություններով արգելել են FlyOne ընկերության Երևան-Դուբայ-Երևան չվերթի վայրէջքը Դուբայի «Ալ- Մաքթում» օդանավակայանում։ Ավիաընկերությունը նախապես ստացել է, տառացիորեն, բոլոր թույլտվությունները չվերթի համար։

Օդանավը վայրէջք է կատարել Քիշի (Իրան) օդանավակայանում և այժմ վերադառնում է Երևան»,- ասվում է մայիսի 11-ին հրապարակված գրառման մեջ։

Նշվում է, որ ավիաընկերության ներկայացուցիչները Դուբայի «Ալ-Մաքթում» և Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, ինչպես նաև ուղևորների սպասարկման ծառայությունը Երևան-Դուբայ և Դուբայ- Երևան չվերթերի ուղևորների տրամադրության տակ են։

Ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախապես տեղեկացնելու փակել էր իր օդային տարածքը հայկական «FlyOne Armenia» ավիաընկերության համար, Փարիզ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերն իջել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ավելի ուշ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռիչքներ են կատարում դեպի երրորդ երկրներ։