ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը, անդրադառնալով ադրբեջանական սադրանքներին ԵՄ դիտորդների արձագանքի բացակայությանը, ասել է, որ նրանք չէին էլ կարող որևէ արձագանք տալ։
Նա հավելել է, որ նրանց դերակատարումն է զեկույցներ պատրաստել Բրյուսելի և ԵՄ անդամ երկրների համար, հայտնում է Auroranews.am-ը։
«Նրանց խնդիրն է պարբերաբար այցելել սահմանի բոլոր հատվածներ։ Ես կարող եմ նշել, որ նրանց ներկայությունն արդեն իսկ ներդրում է իրավիճակը բարելավելու գործում։ Դա ստեղծում է հոգեբանական առումով ավելի ապահով մթնոլորտ, և այդ մասով առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր մանդատը»,- ասել է նա։
Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: Սահմանագոտու մյուս հատվածներում իրավիճակը հարաբերականորեն կայուն է: