AM
12 May 2023 - 12:06 AMT

Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի` պաշարները սպառվում են

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ԱԺ հանձնաժողովի արտահերթ նիստում, պատասխանելով «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության կողմից շահագործվող Սոթքի հանքավայրում իրավիճակի մասին հարցին, որի աշխատանքները մշտապես խաթարվում են ադրբեջանական ագրեսիայի պատճառով, ասել է, որ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցների մի մասի կրճատումները կսկսվեն ամռանը։

Ըստ նրա՝ Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի, քանի որ պաշարները սպառվում են: Նա նշել է, որ տնտեսվարողը նախատեսում էր բաց հանքում աշխատանքներն ավարտել անցած տարվա աշնան վերջին, գրում է «Առավոտը»։

«Մեր բանակցությունների և մեր պնդմամբ դրանք շարունակվում էին, աշխատողների մեծ մասին պահելու են մինչև այս տարվա ամառը, որից հետո պետք է սկսեն կրճատումները։ Այսինքն, մոտ հինգ-վեց ամիս երկարաձգվել է ժամկետը, և այդ ընթացքում աշխատողները աշխատավարձ պետք է ստանան հարկադիր պարապուրդի չափով։ Եթե մեր միջամտությունը չլիներ՝ արդեն աշնանը կրճատումներ կլինեին, քանի, որ բաց հանքի աշխատանքներն այլևս ավարտվել էին և «Գեոպրոմայնինգ գոլդը» պետք է շարունակեր իր աշխատանքները փակ եղանակով»,-ասել է նա։

Փոխնախարարի խոսքով՝ ժամանակ առ ժամանակ տեղում հրաձգություններ են տեղի ունենում, որոնք խաթարում էին բաց հանքի վերջնական՝ փոքր ծավալների աշխատանքները։

«Տնտեսվարողը մեզ հավաստիացրել է, որ փակ եղանակով աշխատանքներին դրանք չեն խանգարում։ Բաց հանքում փոքր ծավալի, մեկ ամսվա աշխատանք է մնացել և կարծում եմ, որ օրերի ընթացքում այդ հարցի կարգավորման արդյունքում դա էլ կիրականացվի, ու բաց հանքը կդադարեցվի, պաշարները սպառված կլինեն»,-ասել է նա։

Հարցին, թե քանի աշխատող է կրճատվելու, Հարությունյանը չի պատասխանել, քանի որ այս պահին տնտեսվարողն էլ որոշ հստակեցումներ է կատարում։ Փոխնախարարն ասել է, որ սովորաբար աշխատակիցների քանակն ավելի շատ է լինում բաց հանքի դեպքում։ Այս պահին, ըստ փոխնախարարի, տնտեսվարողը աշխատակիցների շրջանում որոշակի ընտրություն է կատարում՝ ըստ մասնագիտություններ, տարիքի և այլն։

«Կրճատման ենթակա, բայց կարևոր գիտելիքներ ունեցողների համար տնտեսվարողը բանակցում է այլ տնտեսվարողների հետ, որպեսզի այդ աշխատակիցների տեղափոխում լինի»,-ասել է նա։

Սոթքում փակ հանքի շահագործման պատրաստական ու բուն աշխատանքային գործընթացը սկսվել է աշնանը, հիմա վերջնական նախապատրաստական աշխատանքներն են սկսվել։

Ըստ Հարությունյանի՝ շահագործման թույլտվության ծավալով ընկերությունը դեռ չի աշխատում, քանի որ համաձայն իրենց ներկայացրած նախագծի, դրա համար ժամանակ է անհրաժեշտ։

«Մեկ-երկու ամսվա ընթացքում դուրս կգան նախագծով ծավալներին»,-ասել է նա։

Փոխնախարարն ասել է, որ տնտեսավարողը վստահեցրել է՝ հրաձգությունը չի խանգարում փակ հանքի շահագործմանը։

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

Մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: Սահմանագոտու մյուս հատվածներում իրավիճակը հարաբերականորեն կայուն է: