Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի հետ հանդիպմանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ հատուկ անդրադառնալով երեխաների համար առաջացած ծանրագույն հետևանքներին:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը կարևորել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը՝ շեշտելով մասնավորապես կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտները:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը բարձր է գնահատել Կառավարության հետ համագործակցությունը, նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող ծրագրերի հիմնական ուղղությունները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել աշխարհի գլոբալ մարտահրավերների և բարձր տեխնոլոգիաների պայմաններում երեխաների պատշաճ կրթությանն առնչվող հարցերի շուրջ:
Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։
ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: