AM
15 May 2023 - 07:23 AMT

Միշելը խոսել է Բաքվի և «նախկին ԼՂԻՄ բնակչության միջև» միջազգային համագործակցությամբ երկխոսության անհրաժեշտության մասին

Բրյուսելում մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելն ասուլիսում հայտարարել է, որ շարունակվել է երկխոսությունը «նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության մասին»։

«Հորդորել եմ Ադրբեջանին դրական օրակարգ մշակել՝ ապահովելու համար այդ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ։

«Ես նաև հարց եմ բարձրացրել Բաքվի և այդ բնակչության միջև թափանցիկ և կառուցողական երկխոսության անհրաժեշտության մասին։ Կարծում եմ, որ կարևոր է ձեռնպահ մնալ թշնամական հռետորաբանությունից, գործել բարեխղճորեն և առաջնորդություն դրսևորել փոխընդունելի լուծումներ գտնելու համար»,-ասել է նա։

Մայիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել Շառլ Միշելի և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Մայիսի 19-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։

Հունիսի 1-ին Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, տեղի կունենա հնգակողմ հանդիպում՝ Միշելին, Միրզոյանին և Բայրամովին կմիանան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: