AM
15 May 2023 - 09:21 AMT

Արմեն Գրիգորյան․ Արցախում Սորոս չկա, բայց հակառուսական տրամադրություններ կան հենց ՌԴ պատճառով

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին տված հարցազրույցում, անդրադառնալով իրավիճակին Լեռնային Ղարաբաղում, ասել է, որ Արցախում Սորոս չկա, բայց հակառուսական տրամադրություններ են հայտնվել հենց ՌԴ պատճառով»։

«Լեռնային Ղարաբաղում չկան արևմտամետ տրամադրություններ։ Չկա Սորոս։ ՆԱՏՕ-ի փոխարեն ռուս խաղաղապահ զորակազմն է։ Եվ, այնուամենայնիվ, այնտեղ հակառուսական տրամադրություններ են հայտնվել։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ։ Հենց ՌԴ պատճառով, ոչ թե Արևմուտքի։ Ռուսաստանն ինքն է ձևավորում իր հանդեպ վերաբերմունքը»,-ասել է նա։

Խոսելով ԼՂ-ում էթնիկ զտման վտանգի մասին՝ Գրիգորյանն ասել է․ «Հասկանում եք, որն է իրավիճակի ամբողջ ողբերգությունը՝ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են, իսկ մարդիկ խոսում են էթնիկ զտման վտանգի մասին։ Նրանք հույս չունեն, որ իրենց կփրկեն։ Երկրորդ շանսը՝ միջազգային հանրությունն է։ Հայաստանն արդեն վաղումց է առաջ տանում միջազգային դիտորդական առաքելություն Ղարաբաղ ուղարկելու հարցը։ Առնվազն՝ դիտորդական»։

Նրան հետևյալ հարցն են տվել․ «Ի՞նչ եք կարծում, ի՞նչ նպատակ ունեն նրանք Ղարաբաղում։ Վարկածներից մեկն այն է, որ ցանկանում են օգնել Ալիևին Զանգեզուրի միջանցք բացել դեպի թուրքական կողմ։ Եվ այդ միջանցքով, շրջանցելով պատժամիջոցները, ռուսական գազը կառաքվի ադրբեջանականի քողի տակ»

«Բայց, դա արդեն տեղի է ունենում՝ գազն արդեն գնում է այն ենթակառուցվածքներով, որոնք արդեն գոյություն ունեն։ Կարծում եմ, հարցը դա չէ, կամ ոչ միայն դա է։ Ամեն դեպքում, Հայաստանը երբեք չի համաձայնվի արտատարածքային միջանցքի իր տարածքով։ Մեզ համար դա կարմիր գիծ է։

«Իսկ եթե պատերա՞զմ»,-հնչել է հարցը։

«Ուրեմն՝ պատերազմ։ Եթե պատերազմ, ուրեմն՝ պատերազմ»,-ասել է Արմեն Գրիգորյանը։