Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը բարձրացվել է նաև Արցախի հայերի իրավունքների և անվտանգության հարցը: Այդ մասին ասել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով մայիսի 14-ին կայացած բանակցությունների վերաբերյալ հարցին:
Նա նշել է, որ դա Ստեփանակերտի և պաշտոնական Բաքվի միջև ուղիղ քննարկման առարկա է՝ հավելելով, որ ինչ-որ միջազգային մեխանիզմ է պետք, բայց պետք է աշխատել այն ձևավորելու ուղղությամբ, հայտնում է Արմենպրեսը։
«Նախկինում մի քանի անգամ ընդգծվել է, որ դա Ստեփանակերտի և պաշտոնական Բաքվի միջև ուղիղ քննարկման առարկա է: Ոչ միայն այս հանդիպման ընթացքում, այլ նաև նախագահ Միշելի մամուլի հաղորդագրության մեջ նշվել է, որ ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն»,-ասել է դեսպանը:
Ըստ Վիկտորինի՝ դա նույնպես ենթադրում է առաջիկայում լրացուցիչ քայլեր:
«Կա ընկալում, որ ինչ-որ միջազգային մեխանիզմ է պետք, բայց պետք է աշխատենք այն ձևավորելու ուղղությամբ և բոլոր կողմերի հետ համաձայնեցնենք»,-ասել է նա՝ հավելելով, որ աշխատանք կա անելու:
Մայիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել Շառլ Միշելի և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Մայիսի 19-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։
Հունիսի 1-ին Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, տեղի կունենա հնգակողմ հանդիպում՝ Միշելին, Միրզոյանին և Բայրամովին կմիանան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: