AM
17 May 2023 - 12:35 AMT

ՀՀ-ն Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա

Հայաստանը ռազմական կցորդ կունենա Հնդկաստանում։ Որոշման նախագիծը ներառված է կառավարության մայիսի 18–ի նիստի օրակարգում։

Հիմնավորման մեջ ասվում է, որ երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ և որ կցորդի նշանակումը նոր որակ կհաղորդի ռազմական ոլորտում գործընկերային հարաբերություններին և կնպաստի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը:

«Ռազմական կցորդը, Հնդկաստանի զինված ուժերի հրամանատարության հետ հաստատելով պաշտոնական հարաբերություններ, տեղի ռազմական գերատեսչության հրավերով կապահովի զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին, սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին հայկական կողմի պաշտոնական ներկայացվածությունը, կայցելի ռազմական օբյեկտներ և հաստատություններ»,–նշված է որոշման նախագծում։

2022-ի հոկտեմբերին աշխատանքային այցով Հնդկաստանում էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Ավելի վաղ հնդկական The Economic Times-ը գրել էր, որ Հայաստանը հրթիռներ, ռեակտիվ արկեր և զինամթերք կգնի Հնդկաստանից, զենքի արտահանման խոշոր պայմանագիր է կնքվել։ Նշվում էր, որ Հնդկաստանը Հայաստան կարտահանի նաև Pinaka համազարկային ռեակտիվ համակարգեր, հակատանկային հրթիռներ։ Նշվում էր նաև, որ մատակարարումների արժեքը չի հրապարակվում, ենթադրվում է, որ առաջիկա ամիսներին ՀՀ կարտահանվի մոտ 240 մլն դոլարի զենք և զինամթերք։