AM
19 May 2023 - 10:44 AMT

Փաշինյանի որդու առևանգման գործով ձերբակալված կնոջ վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 20-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման գործով ձերբակալված, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործով դատական նիստի որոշումը կհրապարակվի մայիսի 20-ին ժամը 15։00–ին։ Այդ մասին Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Դատավորը նշել է, որ ի տարբերություն շատ այլ դեպքերի, ցանկություն ունի ոչ թե որոշման եզրափակիչ մասը հրապարակել, այլ ամբողջ որոշումը։ Ընկալելի որոշում է, բայց ոչ ցանկալի»,– հայտնել է իրավապաշտպանը, գրում է Sputnik Արմենիան։

Նա հայտնել է, որ նիստի ժամանակ պաշտպանական կողմը վերահաստատել է իր բոլոր պնդումները։ Մասնավորապես՝ որ դատարանը կալանք առհասարակ չկիրառի և Գայանե Հակոբյանն ազատ արձակվի առանց այլընտրանքային խափանման միջոցների։

Պաշտպանական կողմը խնդրել է դատարանին դիտարկել տնային կալանքի, վարչական հսկողության, գրավի և 3 տեսակի երաշխավորության տարբերակները։

Մայիսի 17-ին «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ Գայանե Հակոբյանը։ Նույն օրը գիշերը իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։

«Որդիների կանչ» ՀԿ-ն, արձագանքելով ՀԿ անդամների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման վերաբերյալ հրապարակումներին, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Աշոտ Փաշինյանն ինքն է նստել մեքենան, որտեղ իրենից բացի եղել է միայն զոհված զինծառայողներից մեկի մայրը։