AM
20 May 2023 - 06:58 AMT

ԱԳՆ․ Մոսկվայում տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կան տարաձայնություններ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել մայիսի 19-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ՝ նշելով, որ տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կան տարաձայնություններ։

Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներկայացրել են իրենց դիրքորոշումները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի վերաբերյալ։

«Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։ Տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ։

Նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ռուսական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կազմակերպելու համար:Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները»,-ասվում է հայտարարության մեջ:

Նախարարները նաև առանձին հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգթոն քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Միրզոյանի ու Բայրամովի բանակցությունները տևել են մինչև մայիսի 4-ը։ Բանակցությունների ավարտին Բլինքենը հայտարարել էր զգալի առաջընթացի մասին։

Մայիսի 25-ին Մոսկվայում սպասվում է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։