AM
20 May 2023 - 11:28 AMT

Հանրահավաք՝ Կոռնիձորում. Արցախում նույնպես երթ է՝ ի աջակցություն հանրահավաքի

Կոռնիձորում «Կամավորական շարժում» ՀԿ կազմակերպած հանրահավաքի մասնակիցները երթով Կոռնիձոր գյուղի կենտրոնից շարժվել են դեպի Հայաստան- Արցախ սահման:Հանրահավաքին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից ժամանած քաղաքացիներ, քաղաքական, հասարակական գործիչներ, հայտնում է Panorama.am-ը։

Արցախում նույնպես երթ է՝ ի աջակցություն Կոռնիձորի հանրահավաքի:

Կոռնիձորի Հանրահավաքը մեկնարկել է ՀԱԵ Սյունյաց թեմի հոգեւորականների օրհնությամբ և Տերունական աղոթքով:

ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանն իր ելույթում ասել է․ «Դանակը հասել է ոսկորին, մենք կորցնում ենք ամեն ինչ, այլևս իրավունք չունենք դանդաղելու, համակերպվելու, երկու անգամ մտածելու։ Մենք պարտավոր ենք վիճակը փոխել, պետք է կարողանանք ազդել վիճակի, կացության վրա»։

Նա ընդգծել է, որ պետք է առաջին հերթին հույսը կտրել օտարից։

Մարդիկ եկել են պաստառներով, որոնց վրա գրված է. «Բացեք կյանքի ճանապարհը», «Ազատ Արցախը ողջունելու է մեզ», Հայաստան, Արցախ` 1 մարմին, 1 հոգի», «Չկա խաղաղություն, քանի բռնագրավյալ են Շուշին և Հադրութը», հայտնում է Sputnik Արմենիան։

Ակցիայի մասնակիցները ոտքով բավական երկար ճանապարհ են անցել, որպեսզի հասնեն Հակարի կամրջի մոտ։ Հանրահավաքին ներկա են նաև ընդդիմադիր պատգամավորներն ու Սյունիքի հոգևոր հայրերը։

«Բոլոր այն փաստաթղթերը, որոնք մեզ պարտադրված են լինում և մենք ընդունում ենք, առ ոչինչ է, դա անարժեք թուղթ է։ Մենք չենք համակերպվելու այդ ամենի հետ։ Ինքը (Նիկոլ Փաշինյան. խմբ) մեր ժողովրդի տեսակետը չի արտահայտում, մեր տեսակետը չի փոխանցում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հրանտ Մարգարյանը։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: