AM
22 May 2023 - 06:43 AMT

ՊՆ-ն չի թույլատրել ԱՍԱԼԱ-ի մարտիկին հուղարկավորել Եռաբլուրում

Մայիսի 21-ին Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի մարտիկ Փիեր Գյուլումյանի աճյունը, տարբեր երկրներից Հայաստան ժամանած հարազատների և մի խումբ մարտական ընկերների ներկայությամբ, առժամանակ ամփոփվել է Երևանի Շահումյանի անվան գերեզմանատանը։

ՊՆ-ն չի թույլատրել ԱՍԱԼԱ-ի մարտիկին հուղարկավորել Եռաբլուրում՝ հղում անելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հրամայականներին, հայտնում է Հայկական Ժողովրդային շարժման Կենտրոնական խորհուրդը։

Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, Սուրբ Պատարագի ավարտին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների ներկայությամբ կատարվել է Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկ Փիեր Գյուլումյանի հոգեհանգստյան կարգը, հայտնում է Aysor.am-ը։

Փիեր Գուլումյանը ԱՍԱԼԱ-ի Եվրոպայի տարածքի ռազմական պատասխանատուն էր։ Կազմակերպել ու անձամբ մասնակցել է բազմաթիվ զինված գործողությունների, այդ թվում՝ 1981-ի մարտի 4-ին, Փարիզում ԱՍԱԼԱ-ի «Շահան Նաթալի» խմբակի իրականացրած գործողությանը, որի ընթացքում գնդակահարվել են երկու թուրք բարձրաստիճան դիվանագետներ:

«Նրա նահատակությունից 40 տարի անց՝ նախորդ տարի դեկտեմբերի սկզբին, Փարիզից Հայրենիք է փոխադրվել Գյուլումյանի աճյունը՝ ընտանիքի ցանկությամբ և կազմակերպության նախաձեռնությամբ։

1982-ի օգոստոսի 2-ին, Փարիզում` դժբախտ պատահարի հետևանքով մահացած ՀԱՀԳԲ մարտիկի աճյունը պետք է ամփոփվեր Եռաբլուրում՝ ԱՍԱԼԱ-ի նահատակներին նվիրված հուշահամալիրում, որտեղ արդեն 23 տարի տեղադրված է նահատակ ընկերոջ տապանաքարը։

Սակայն մայիսի 19-ի առավոտյան, Հայաստանի գործող իշխանությունը՝ ի դեմս Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնատարի, իր նախաձեռնությամբ մեր ներկայացուցչի հետ հանդիպելով, հղում է կատարել Հայաստան – Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հրամայականներին և պատրվակելով անհիմն ու հերյուրածին պատճառաբանություններ, պաշտոնապես հաղորդել է, որ չի արտոնվում նահատակ ընկերոջ աճյունի ամփոփումը Եռաբլուրում։

Առաջիկայում մենք հանդես կգանք հայտարարությամբ, հանրությանը պարզաբանելու՝ ընկերոջ աճյունը Եռաբլուրում ամփոփելու դեմ գործադրված մեքենայություննրը և արձանագրելու՝ կատարվածին մեր քաղաքական գնահատականը», – ասվում է հայտարարության մեջ: