AM
22 May 2023 - 07:19 AMT

ՀՀ-ն 2-րդ անգամ է դիմել Հաագայի դատարան Լաչինի հարցով՝ պահանջելով ներառել նաև անցակետի հարցը

Հայաստանը 2-րդ անգամ է դիմել Հաագայի դատարան Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակամն հարցով։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Երևանն ակնկալում է Հաագայից, մինչև հայցով վերջնական վճիռը, միջանկյալ միջոց կիրառել Բաքվի նկատմամբ՝ պահանջելով անխափան տեղաշարժի ապահովում Լաչինի միջանցքով, հայտնում է Sputnik Արմենիան։

«Հայաստանը պահանջում է որոշման մեջ ներառել նաև անցակետի հետ կապված խնդիրը, որովհետև փետրվարից հետո իրավիճակ է փոխվել, և անցակետի հետ կապված նոր միջոցի անհրաժեշտություն կա։ Ադրբեջանին ժամանակ է տրվել հայկական կողմի միջնորդությանը պատասխանել մինչև մայիսի վերջ, ինչից հետո դատարանը պետք է որոշում կայացնի»,–ասել է Կիրակոսյանը։

Կիրակոսյանը նշել է նաև, որ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն Ադրբեջանի անպատասխանատվության հարցը բարձրացրել է ՄԻԵԴ-ում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Նա հավելել է, որ Բաքուն ոչ միայն չի կատարում ՄԱԿ դատարանի միջանկյալ որոշումները, այլև անտեսում է ՄԻԵԴ վճիռները: Այդ փաստը ներկայացվել է վճիռների կատարումը վերահսկող մարմին՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե:

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչն ընդգծել է նաև Եվրադատարանի կողմից կիրառվող միջանկյալ միջոցների կատարման վերահսկողության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, քանի որ Ադրբեջանը անտեսում է վճիռների կատարումը։

Առաջին անգամ անցակետի հարցով ՀՀ–ն միջազգային դատարան դիմել է ապրիլի 25–ին։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: