Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարման աշխատանքները դեռ շարունակվում են։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ մանրամասնելով, որ աշխատանքներում ներգրավվել են նաև մասնավոր ընկերություններն ու նրանց տեխնիկան։
Նա ասել է, որ դեռ 1 շաբաթ կպահանջվի Նուբարաշենի աղբավայրի հրդեհը մարելու համար, գրում է Panorama.am-ը։
«Երեկ դժվար աշխատեցինք, եղանակը թույլ չտվեց։ Մեծ քանակով տեխնիկա է բերված։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Եթե ռեալ գնահատենք, դեռևս մեկ շաբաթ կպահանջվի հրդեհը մարելու ու այդ տարածքից ծուխը վերացնելու համար»,-ասել է Արեյանը։
Նա նշել է, որ Տիգրան Ավինյանին առանձին կներկայացնի հարցի հետագա վերահսկողության վերաբերյալ որոշ նկատառումներ։
«Առաջնահերթ մեր խնդիրը կհամարեի, կառաջարկեի, որ մենք արագ ձեռնամուխ լինենք նոր աղբավայրի ծրագրի իրականացմանը։ Մնացած հարցերի շուրջ թույլ տվեք՝ ես Ձեզ առանձին ներկայացնեմ խնդիրը ու կազմակերպենք նեղ քննարկում»,-ասել է Արեյանը։
Ավինյանն արձագանքել է, որ նոր աղբավայրի կառուցման ծրագիրն ընթացքի մեջ է։