AM
23 May 2023 - 14:43 AMT

Սաղաթելյան․ Ընդամենը 5-6 ամիս կա երկիրը հանձնելու գործընթացը կասեցնելու համար

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, վերջին օրերին հրապարակել է Արցախը և Հայաստանը հանձնելու ճանապարհը և ժամանակացույցը։

Նա հավելել է, որ ընդամենը 5-6 ամիս կա երկիրը հանձնելու գործընթացը կասեցնելու համար, հայտնել է Aysor.am-ը։

Նա նշել է նաև, որ Փաշինյանի հայտարարությունն իրենց համար անակնկալ չէր:

«Եթե հիշում եք, վերջին 3 տարիներին, անցած տարի հենց այս օրերին այս վտանգների մասին մենք բարձրաձայնել ենք: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին հրապարակել է Արցախը և Հայաստանը հանձնելու ճանապարհը և ժամանակացույցը: Ինձ թվում է, մայիսի 25-ին Մոսկվայում հանդես կգան եռակողմ ինչ-որ հայտարարությամբ, որից հետո այդ ամեն ինչը կշարունակվի Քիշնևում, այնուհետև Բրյուսելում կփորձի պայմանավորվել կապիտուլյացիայի նոր պայմանագրի շուրջ: Հոկտեմբերի հանդիպման մասին ևս հայտարարվել է, կփորձեն ունենալ ամբողջական կապիտուլյացիայի պայմանագիր, այնուհետև այն կվավերացնեն: Ըստ էության՝ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը, հայ ժողովուրդը, մտահոգ քաղաքացիները ունեն ընդամենը 5-6 ամիս երկիրը հանձնելու գործընթացը կասեցնելու համար», – շեշտել է Սաղաթելյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։