Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Հայաստան ապօրինի ներկրված 1 տոննա կոկաինի հասցեատերը, կարծես թե, բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է։
«Քիչ առաջ ԱԱԾ-ն իրականացրել է առաջին ձերբակալությունը, պիտի ասեմ, որ այդ 1 տոննա կոկաինի հասցեատերը, կարծես թե, բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է՝ այժմ հետախուզման մեջ գտնվող, եթե չեմ սխալվում՝ Հանրապետական խմբակցության անդամ»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։
Բայց նա անմիջապես, ասել է, որ չի կարող որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել:
Փաշինայնն ասել է նաև, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն ամբողջ աշխարհում և Հայաստանում մեծ տարածում է ստացել:
«Եթե պարզվի, որ մեղավորը Հանրապետական կուսակցության անդամ է, ապա մենք պետք է հանրապետականներին՝ կուսակցության նախագահին և մշտական գործող ղեկավար մարմնին ձերբակալե՞նք: Կարող են լինել տարբեր կուսակցությունների անդամներ, անկուսակցականներ, հավատացյալներ և անհավատներ»,-հայտարարել է Փաշինյանը:
Նա ասել է, որ Անվտանգության խորհրդում ԱԱԾ-ին և իրավապահ մարմինների առաջ հստակ խնդիրներ է դրել հետևողական պայքար տանել թմրանյութի շրջանառության դեմ, անտեսելով անձի կուսակցական պատկանելիությունը:
«Բացահայտումների արդյունքում կարող են պարզվել մարդիկ, որոնք այնքան էլ նվիրված չեն գաղափարին»,-հայտարարել է Փաշինյանը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապօրինի ճանապարհով Հայաստան ներմուծված կոկաին տեսակի մոտ 1 տոննա քաշով թմրամիջոցի գործով ձերբակալված կա՝ «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետը։ Նա ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իտալիայի ֆինանսական գվարդիան կոկաինի ռեկորդային՝ 2734 կգ խմբաքանակ է հայտնաբերել, որը Էկվադորից Հայաստան էր տեղափոխվում։