AM
25 May 2023 - 10:51 AMT

ՄԻՊ․ Գայանե Հակոբյանի խցի հետ կապված խնդիր կար, որը լուծվել է

ՄԻՊ Անահիտ Մանասյանը, անդրադառնալով զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի կալանավորմանը, ասել է, որ նրա խցի հետ կապված խնդիր է եղել, որին լուծում են տվել:

Հակոբյանը մեղադրվում է վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մեջ։ Մայիսի 17-ին «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով:

Նա հավելել է, որ ՀՀ ՔԿՀ-ները չափանիշների հարցում ունեն կատարելագործման կարիք:

«Ես ինքս եմ այցելել և դրանից հետո Աբովյան ՔԿՀ-ին խնդրել եմ որպեսզի այցելության գնան և պահման պայմանների խնդիրներին լուծում տան»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Անդրադառնալով Գայանե Հակոբյանի կալանքի վերաբերյալ բարդ և հասարակության համար դժվար ընկալելի տեքստով ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության փաստին՝ Մանասայնն ասել է, որ այն պետական մարմիններին է ուղղված եղել, հանրային գործիչներին և պաշտոնատար անձանց:

«Վերլուծություններ անելիս և քննադատելիս ևս պետք է էթիկայի կանոնները լրջորեն պահպանել, հատկապես եթե խնդիրը մարդու իրավունքների պաշտպանության հարցերին է վերաբերում»,-ասել է ՀՀ ՄԻՊ-ը և կրկին բացատրել, որ դրանում հանրային պաշտոններ զբաղեցնողներին հորդորել էր չխախտել անմեղության կանխավարկածը, որ, հաշվի առնելով հարցի զգայունությունը և հանրային հետաքրքրությունը, իրավապահ մարմինները դրա վերաբերյալ հստակ հաղորդագրություն պետք է տարածի, որպեսզի հանրությունը պատկերացում կազմի գործից:

«Կալանքի հացին ինչու չեմ կարող խորը անդրադառնալ, քանի որ օրենքով դատարանների աշխատանքներին միջամտելու հստակ արգելք ունեմ»,-ասել է Մանասյանը:

Նա հայտարարել է, որ ինքն արդեն հորդորել է գործի վերանայման ժամանակ հաշվի առնել. որ կալանքը կարող է կիրառվել միայն բացառիկ պայմաններում:

Կառավարության շենքի դիմաց Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով, նստացույց անող զոհված զինծառայողների ծնողները որոշել են դադարեցնել նստացույցը, բայց շարունակել պայքարը: