Ադրբեջանում դատարանն ադրբեջանցիների կողմից առևանգված 2 հայ զինծառայողին կալանավորելու որոշում է կայացրել՝ «Ադրբեջանի տարածք դիվերսիոն ներթափանցման փորձի փաստով»։
Ադրբեջանի դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հարութ Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանը անցնում են քրեական գործով «որպես մեղադրյալներ, և, որ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը», գրում է Interfax.az-ը։
ԶՈւ երկու զինծառայողներին առևանգելու դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նախնական տվյալներով՝ հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին։
Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է 2 զինծառայողի կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը։
Մայիսի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել է ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: