AM
29 May 2023 - 09:47 AMT

Կալանավորվել է Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը՝ «Սերժի Վաչոն», կալանավորվել է։ ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը հաստատել է, որ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել է Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, հայտնում է «Փաստինֆոն»։

Դեռևս պաշտոնապես հայտնի չէ, թե ինչ վարույթի շրջանակում է կալանավորվել Ղազարյանը, սակայն, ըստ «Փաստինֆո»-ի ՝ խոսքն ԱԱԾ-ում քննվող քրեական վարույթի մասին է, որի շրջանակում նրան մեղադրանք է ներկայացվել փողերի լվացման հատկանիշներով։

Վաչագան Ղազարյանի նկատմամբ հետապնդումներն իրականացվել են դեռևս 2018թ.-ից։ Քրեական գործերից մեկով, որով Վաչագան Ղազարյանը մեղադրվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի (2003թ) 308-րդ հոդվածի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով, 2021թ. համաներում էր կիրառվել։ Վաչագան Ղազարյանի կողմից ամբողջությամբ վերականգնվել էր 9.340.677 ՀՀ դրամի չափով վնասը, թեև պաշտպանության կողմը պնդում էր, որ Ղազարյանը մեղադրանքը չի ընդունել, գումարը վճարել է միայն այն պատճառով, որ իրեն «հանգիստ» թողնեն։ Մյուս քրեական գործը վերաբերում էր Ղազարյանի ընտանիքին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից 40 մլն դրամ շորթելուն։ Քրեական վարույթը նախ կարճվել էր, դատախազությունը հաստատել էր կարճելու որոշումը, սակայն 2022թ. նոյեմբերին դատախազի որոշմամբ քրեական հետապնդում էր հարուցվել Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ և ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ։