AM
29 May 2023 - 09:55 AMT

Փաշինյան․ Կոմունիկացիաների բացման հարցում հայկական կողմը «բավականին մեծ ճկունություն է ցուցաբերում»

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև մոսկովյան քննարկումների ժամանակ արծարծված տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցերին՝ նշելով, որ այդ առումով հայկական կողմը «բավականին մեծ ճկունություն է ցուցաբերում»:

«Մենք ասել ենք, որ մենք ինչպես և նախկինում, պատրաստ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը․․․ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ընդգծված կոմունիկացիաների մասին է խոսքը և մենք պատրաստ ենք շատ արագ այդ կոմունիկացիաների վերաբացմանը, երկրների սուվերենության, և իրավազորության ներքո և մենք այս ընդգծումն արել ենք: Մենք հիմա փորձում ենք աշխատել երկաթուղային կառուցվածքների բացման վրա, բայց նաև ուզում եմ ասել, որ մենք տրամադրված ենք և շահագրգիռ ենք, իրականում, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։

Վարչապետը հավելել է, որ հայկական կողմն իր ասած սկզբունքի շրջանակում բավականին մեծ ճկունություն է ցուցաբերում։

«Իմ ասած սկզբունքը տարածաշրջանի երկրների սուվերենության և իրավազորության ներքո կոմունիկացիաների բացման մասին է: Ես կարծում եմ, որ մենք այդտեղ բավականին ճկուն և կառուցողական դիրքորոշում ունենք և պատրաստ ենք իսկապես գնալ այդ կոմունիկացիաների բացմանը և համոզված եմ, որ երբ դա տեղի ունենա, դա ևս մեկ լրացուցիչ խթան կլինի Հայաստանի տնտեսական զարգացման համար»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ հարցի լուծումը միայն հայկական կողմից չէ կախված։

Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրի փոխվարչապետերի հանդիպման շրջանակում: