Այսօր Սթրասբուրգում բացվել է Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ամառային նստաշրջանը, որտեղ հնարավոր է կքննարկվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկուցողի նշանակման հարցը: Նախօրեին հայկական պատվիրակությունը մեկնել է Սթրասբուրգ համաժողովի աշխատանքին մասնակցելու համար, որը կկայանա հունիսի 24-28-ին: Նստաշրջանի ընթացքում կլսվի շվեյցարացի պատգամավոր Ռութ-Գաբի Վերմոթ-Մանգոլթի զեկույցը «Փախստականների եւ ստիպողաբար տեղահանված անձանց իրավիճակը Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում» թեմայով: Զեկույցում արծարծվում են հանձնարարականներ Եվրախորհրդի նախարարների կոմիտեին, որոնք ուղղված են իրավիճակի բարելավմանը: Ինչպես մինչ այդ տեղեկացրել էր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, զեկույցում հնչում են քննադատություններ Ադրբեջանի ղեկավարության հասցեին: Փաստաթղթի հեղինակների դժգոհություն են հայտնում այն փաստի առումով, որ Ադրբեջանը մշտապես շահարկում է փախստականների հարցը քաղաքական նպատակներով: Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանում կա ոչ թե 1 մլն փախստական, ինչպես ներկայացնում է պաշտոնական Բաքուն, այլ միայն` 500 հազար:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: