AM
2 June 2023 - 08:09 AMT

Factor.am. Հանձնարարվել է վերացնել Դիլիջանի քրհետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ հետապնդում չհարուցելու որոշումը

Factor.am-ի տեղեկություններով՝ Տավուշի մարզի դատախազներից մեկը հանձնարարել է վերացնել Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը:

Armlur.am-ի տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես է մի տղամարդ ծեծում երիտասարդ տղայի։ Տղամարդը Դիլիջան քաղաքի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանն է, դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին՝ Դիլիջնի ռեստորաններից մեկում։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ տվյալ դեպքով հարուցվել է քրեական վարույթ, սակայն Ղայթմազյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել, քանի որ վերջինս վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել։ Քննչական կոմիտեն գործուն զղջալու, այսինքն՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, բավարարել է Արսեն Ղայթմազյանի՝ քրեական հետապնդում չհարուցելու մասին դիմումը։

ՔԿ-ի պարզաբանումից որոշ ժամանակ անց ոստիկանությունից Factor.am-ին ասել են, որ մայիսի 5-ին Դիլիջան քաղաքի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն:

Aravot.am-ի տեղեկություններով՝ Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանը անչափահասին ծեծելու ժամանակ եղել է ալկոհոլի ազդեցության տակ, լավ հարբած: Պարբերականի տեղեկություններով՝ անչափահաս տղան պաշտոնյայի կողմից ծեծի է ենթարկվել հենց իր աշխատանքային առաջին օրը՝ ապրիլի 10-ին՝ 23.30-ի սահմաններում:

«Մեզ հայտնի դարձավ նաև որ տուժած պատանու ծնողները Ղայթմազյանի ու նրա ընտանիքի անդամների կողմից հաշտության որևէ առաջարկ չեն ընդունել: Անչափահաս տղայի ներկայացուցիչը լրատվամիջոցներից է տեղեկացել, որ քրեական վարույթով հսկող դատախազին քրեական հետապնդում չհարուցելու մասին միջնորդությունը բավարարվել է: Նա ասել է, որ որոշումը դեռ չեն ստացել, ստանալուն պես կբողոքարկեն: Տղայի հարազատներն ու ներկայացուցիչը գտնում են, որ Ղայթմազյանը պետք է կրի պատասխանատվություն ու այդ դեպքով լինի մեղադրական ակտ»,-ասվում է հրապարակման մեջ։