AM
2 June 2023 - 09:40 AMT

Բնապահպանության նախկին նախարարից միլիոնավոր դոլարներ, բաժնեմաս և անշարժ գույք են ուզում բռնագանձել

Դատախազությունը պահանջում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանից («Բուլկի») միլիոնավոր դոլարներ, բաժնեմաս և անշարժ գույք են ուզում բռնագանձել:

Հակակոռուպցիոն դատարանում հունիսի 1-ին շարունակվել է Արամ Հարությունյանի, նրա կնոջ և փեսայի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նախագահող դատավորն էր Կարապետ Բադալյանը, հայտնում է «Հետքը»։

Դատախազությունը Հարությունյանից և նրա կնոջից՝ Հասմիկ Աբգարյանից, հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, պահանջում է բռնագանձել՝

Երևանի Ղ․ Փարպեցու փողոցի 17շ․, թիվ 11 բնակարանի 95․1%-ը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքի 95․1%-ը՝ 59 մլն 249 հազար 249 դրամը,

Երևանի Դ․ Անհաղթ, թիվ 10/1 գույքի ⅞ մասի 97․81 %-ը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքի 97․81 %-ը՝ 1 մլրդ 612 մլն 8 հազար 444 դրամը,

Երևան, Բայրոն փողոց, 3/14 բնակարանն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 264 մլն 630 հազար դրամը,

Երևան, Բայրոն փողոց, 3/25 ավտոկանգառն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 21 մլն դրամը,

Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղում գտնվող 0,25 հա հողամասի 54․47%-ը,

Դիլիջանում գտնվող 0,8 հա հողամասն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 62 մլն 725 հազար դրամը,

«Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 94․23 %-ը, այսինքն՝ 313․8 բաժնետոմս,

«Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ում մասնակցության 96․93%-ը, այսինքն՝ 3․947 բաժնետոմս

«Հանարդնախագիծ» ԲԲԸ-ում մասնակցության 99․972%-ը, այսինքն՝ 14․420 բաժնետոմս,

8 մլն դոլարին համարժեք 3 մլրդ 962 մլն 560 հազար դրամ

1 մլն 661 հազար 638 դոլար ավանդը

275 մլն 600 հազար 897 դրամ որպես ոչ օրինական եկամուտներից չօգտագործված մաս,

98 մլն 365 հազար 598 դրամ, որպես ոչ օրինական եկամուտներից ավանդ ներդրված, ապա՝ կանխիկացված գումար,

55 մլն 278 հազար 804 դրամ, որպես ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխումից ստացված դրամական տեսքով գույք,

272 մլն 975 հազար 855 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Արամ Հարությունյանի փեսայից՝ Արշակ Ջավադյանից, բռնագանձել՝

Երևանի Ուլնեցու փողոց 50/1 հասցեի գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 555 մլն 252 հազար դրամ։

Դատական նիստին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանը միջնորդություն ներկայացրեց հայցի հիմքի փոփոխման մասին։ Դատարանը որոշեց թույլատրել հայցի հիմքի փոփոխությունը և ժամանակ տվեց պատասխանողների ներկայացուցիչներին՝ պատասխան ներկայացնելու համար։

Գործով հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 26-ին՝ 10։00-ին։