AM
2 June 2023 - 10:06 AMT

ՔՊ պատգամավորը պահանջում է զրկել կոչումից Դիլիջանի քննչականի պետին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտնգության մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետի հետ կապված միջադեպին, պահանջել է զրկել նրան կոչումից։

Armlur.am-ի տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես է մի տղամարդ ծեծում երիտասարդ տղայի։ Տղամարդը Դիլիջան քաղաքի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանն է, դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին՝ Դիլիջնի ռեստորաններից մեկում։

Նա նշել է, որ խոսքն այստեղ պիտի ոչ միայն պաշտոնազրկման մասին գնա, այլ կոնկրետ կոչումազրկման, քան որ նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են, այլ ուղղակի անընդունելի։

«․․․Դա համակարգի արատն է, և եթե դուք ուղղակի ըմբռնումով եք մոտենում, ապա նշանակում է, որ ըմբռնումով եք մոտենում, որ նույն բանը կարող է իրեն թույլ տալ ձեզանից յուրաքանչյուրը:

Ոչ մեկի մտքով թող չանցնի, որ կարող է թեման սղացնել, հանրային էմոցիաները հանդարտվեն, իսկ հետո՝ մի վեց ամիս անց, սույն անձը ինչ-որ մի համակարգում հայտնվի մի տաքուկ պաշտոնում:

Այս հարցում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի իմ գործընկերներին հորդորել եմ, որ հետևողական լինենք և լինելու ենք: Այս պահին դեռ այսքանը: Եղեք զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ և տոկուն»,-ասվում է գրառման մեջ։

Ոստիկանությունից Factor.am-ին ասել են, որ մայիսի 5-ին Դիլիջան քաղաքի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն:

Factor.am-ի տեղեկություններով՝ Տավուշի մարզի դատախազներից մեկը հանձնարարել է վերացնել Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը: