Սարալանջի ճանապարհին ավտոբուսների համար առաջին առանձնացված գիծն արդեն շահագործվում է: Երթևեկության առանձին գծեր կլինեն նաև Գայի պողոտայում և Գարեգին Նժդեհի փողոցում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նախորդ շաբաթ մաքրվել է Սարալանջի ճանապարհի՝ Նորք-Մարաշից մինչև Տիգրան Մեծի պողոտա ընկած մոտ 4 կմ հատվածը: Տարածքը մաքրվել է քարերից, շինանյութերից, գերաճած անպետք ծառատեսակներից ու թփերից:
Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսների վերջին խմբաքանակի տեխնիկական բնութագրի անհամապատասխանության խնդիրներն ընկերության կողմից չլուծելու պարագայում քաղաքապետարանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ:
«Եթե տեխնիկական առաջադրանքին ոչ համապատասխան որևէ ծառայություն կամ ապրանք մատակարարվի Երևանի քաղաքապետարանին՝ ամենակոշտ ձևով քաղաքապետարանն իր բոլոր լիազորություններն ու լծակներն օգտագործելու է: Սա այսուհետ քաղաքապետարանի գործելաոճն է լինելու բոլոր տեսակի պայմանագրերի վերաբերյալ» ,-շեշտել է Տիգրան Ավինյանը: