AM
5 June 2023 - 13:49 AMT

Միրզոյան․ Շենգենի ազատականացման հարցում ՀՀ-ն ԵՄ–ի հետ կոնսենսուսի դեռ չի հասել

Շենգենյան վիզաների ազատականացման հարցում Հայաստանը ԵՄ–ի հետ կոնսենսուսի դեռ չի հասել։ Այդ մասին եվրոպական ինտեգրման մասով 2022 թվականի արդյունքների վերաբերյալ ԱԺ–ում քննարկման ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Վիզաների ազատականացման հարցը մեր և Եվրոպական միության անդամ հանդիսացող առանձին երկրների օրակարգերում մշտապես ակտիվորեն քննարկվում է։ Գրեթե բոլոր դեպքերում աջակցություն ենք ստանում։ ԵՄ–ի կողմից նման որոշում կայացնելու համար կոնսենսուսային դիրքորոշում է պետք, և այս թեմայի շուրջ դեռևս այդ կոնսենսուսին հասնել հնարավոր չի եղել»,– նշել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

«ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության ուղղությամբ աշխատանքները շարունակվել են, արձանագրվել է ՀՀ-ԵՄ իրավապայմանագրային դաշտի ընդլայնում»,- նշել է նախարարը:

Վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները սկսելու վերաբերյալ քննարկումները սկսվել են դեռ 2019 թվականից, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերի հետ։