AM
6 June 2023 - 11:56 AMT

Շրջակա միջավայրի նախարար. Սևանն այս տարի էլ երևի կկանաչի

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը խորհրդարանում 2022 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, անդրադառնալով Սևանի խնդիրներին, հայտարարել է, որ Սևանն այս տարի էլ երևի կկանաչի։

«Այս տարի այդ իմաստով լավ տարի մեզ չի սպասվում և, ցավոք, Սևանն այս տարի էլ երևի կկանաչի և դժվարություններ կունենանք»,-ասել է նախարարը, հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ սակավաջրության պատճառով պարտադրված են Սևանից ջուր բաց թողնել։

Նա հայտնել է, որ խնդիրը լիարժեք կանոնակարգված չէ և Հայաստանը չունի սակավաջուր տարիներին վերաբերող հաստատված ընթացակարգ, ինչի ուղղությամբ աշխատում են ՇՄ և ՏԿԵ նախարարությունները:

«Քանի որ այս պահին մեր ջրային ռեսուրսների վիճակը լավ չէ, մենք հիմա պարտավորված ենք Սևանից ջուր բաց թողնենք ոռոգման համար»,-ասել է նա։

Սիմիդյանն ասել է, որ բոլորի խնդիրն է համատեղ գործողություններ և ջանքեր ներդնել, որպեսզի Սևանա լճի վրա գործադրվող ճնշումը թուլանա:

Նախարարը հայտնել է, որ Սևանի վրա ճնշումը մեծ է, 5 խոշոր բնակավայրի կոյուղաջրերը թափվում են լիճ և միջազգային գործընկերների հետ աշտանքներ են տարվում կոյուղաջրերի կենսաբանական մաքրման կայաններ կառուցելու նպատակով:

«Պետք է գյուղացիների հետ էլ աշխատենք, գյուղատնտեսական այլ ուղղություններ զարգացնեն և, օրինակ, անասնապահությունը, որը կարող է ճնշում ունենա Սևանա լճի վրա, փոխարինենք այլ գործիքակազմով»,-ասել է Սիմիդյանը:

Սևանա լճից ջրի բացթողման տարեկան չափաքանակը սահմանված էր 240 մլն խմ, այնուհետև սահմանաչափը ևս մեկ անգամ վերանայվել է` դառնալով 270 մլն խմ: