Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդի առաջին նիստը:
Օրակարգի հարցերի շրջանակում Արմեն Սիմոնյանն ընտրվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն։ Մինչ նշանակումը նա հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր։
Տաթև Դանիելյանն ընտրվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի քարտուղար:
Հանդիպմանը քննարկվել են խորհրդի գործունեությանը և Ակադեմիական քաղաքի կառուցման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ Ակադեմիական քաղաքի կառուցումը կառավարության կարևորագույն ծրագրերից մեկն է և այդ համատեքստում կարևորել համապատասխան կառույցների հետևողական և համակարգված աշխատանքը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները և ժամանակացույցի համաձայն հստակեցնել առաջիկա անելիքները:
Ակադեմիական քաղաքը նախատեսվում է կառուցել մինչև 2030 թվականը։ Ծրագիրը հաստատվել է կառավարության մարտի 16-ի նիստում։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կրթական զարգացման ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ 4 բուհ կներառվի միջազգային վարկանիշավորման համակարգերի 500–յակում։