Ինչպիսին գովազդային արշավն է, այնպիսին էլ կլինի մատուցվող ծառայությունը։ Երևի։ Լինում են, սակայն, գովազդային արշավներ, որոնք արվեստի գործ են հիշեցնում կամ էլ բնույթով այնքան հետաքրիր են, որ գրավում են ամբողջ լսարանը։ Նմանատիպ ակցիաներից են թիզինգի փուլով սկսվող գովազդները, որոնք ոչ միայն բավականին երկար ժամանակ ինտրինգ են պահում, այլև հաճախ բազմաթիվ մեմերի ու քննարկման թեմա են դառնում։
Նկատած կլինեք, որ քաղաքի գովազդային վահանակներին մեկ էլ հայտնվում է ինչ-որ լոզունգ կամ բառ, որն անհասկանալի է՝ ինչ է նշանակում կամ ինչի համար է նախատեսված։ Առաջին հարցը, որ առաջանում է՝ իմաստը։ Հետո, երբ արդեն պարբերաբար, գրեթե ամեն օր ու քաղաքի տարբեր հատվածներում տեսնում եք նույն գովազդը, արդեն սկսում է հետաքրքրություն առաջանալ, ու անհասկանալի է` երբ է ինտրիգը բացվելու։ Հենց նմանատիպ ակցիաներն էլ կոչվում են թիզինգային արշավներ։

Հայկական շուկա այս թրենդը վերջին տարիներին է մուտք գործում, սակայն արդեն իսկ կարող ենք հետաքրքիր ու հաջողված օրինակներ նշել:
Մինչև արդեն իսկ «բացահայտվածներին» անդրադառնալը պատասխանենք այս պահին Ամերիաբանկին «տանջող» «ի՞նչ ես անում» հարցին հոդված եմ գրում: Այո, հենց այս հարցն է տալիս Ամերիաբանկը բոլորիս, իսկ թե ինչ պատասխան է ակնկալում, հավանաբար կպարզենք «բացահայտման» փուլում: Իսկ մինչ այդ, Ամերիան առաջարկում էր միանալ «խաղին», #inchesanum հեշթեգով հրապարակում անել ու մասնակցել AirPods 3-ի խաղարկությանը:
Վերջերս մեծ աղմուկ հանեց «Ազդում է» թիզինգ-արշավը։ Այն հայտնվեց պատահաբար, առավոտյան խցանումների մեջ կարդում ես այս լոզունգն ու հասկանում, որ, իսկապես, ամեն ինչ ազդում է։ Հետո, երբ ավելի հաճախ էր հանդիպում, սկսեց արդեն գովազդն ազդել։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ «Կաթիլ» մաքրող միջոցների թիզինգային արշավն էր։ Թեև մինչև բացվելը հասցրել էր սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացնել ու մեմերի առիթ հանդիսանալ։

Մեմերի քանակով չի զիջում նաև Ակբա բանկի՝ «Էլ Ակբա չեմ գնալու» ակցիան։ Սկզբում անհասկանալի էր՝ ինչի մասին է խոսքը, սակայն դա չկանգնեցրեց ֆեյսբուքյան օգտատերերին, որպեսզի մեմերի շարք սկսեն, մինչև այն պահը, երբ պարզվեց՝ խոսքն ինչի մասին է։ Սա online banking-ի գովազդն էր։ Իսկ երբ պարզվեց, խաղի մեջ մտավ նրա մրցակիցը՝ Ինեկոն։ Հենց հաջորդ օրը քաղաքում հայտնվեց վահանակ՝ «Ես արդեն 6 տարի բանկ չեմ գնում» գրությամբ` շեշտելով, որ իրենք վաղուց են անցել online banking-ի։
Եվս մեկ հաջողված թիզինգի օրինակ է «Շատ կա», «Լիքը կա», «Արդեն կա», «Ամեն օր կա», «Ամենուր կա» ակցիան։ Սա Yeremyan projects ընկերության կաթի գովազդն էր։ Թիզինգը բացվելուց հետո բառակապակցությունների վերջում ընդամենը մեկ տառ ավելացավ՝ «թ»։

Թիզինգ ակցիաները մի քանի խնդիր են լուծում միաժամանակ, այդ պատճառով էլ բավականին բարձր է նրանց արդյունավետությունը։ Դրանք բարձրարցնում են ներգրավվածությունը, ընդ որում, գրավում են նաև Ձեր թիրախային լսարանը չհանդիսացող մարդկանց։ Դրանց կարելի է ավելացնել հավելյալ խաղեր, ակցիաներ, նույնիսկ սոցիալական պատասխանատվության միջոցառումներ։ Ամեն ինչ կախված է բրենդի իմիջից ու մարքեթոլոգների երևակայությունից։