AM
9 June 2023 - 08:04 AMT

Բլեյան․ Իմ խոնարհումը, ներողությունը տիկին Գայանեին՝ որպես Աշոտ Փաշինյանի ուսուցիչ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը 24․news-ի եթերում, անդրադառնալով վարչապետի որդու և զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի միջև միջադեպին, ասել է, որ, որպես Աշոտ Փաշինյանի ուսուցիչ ներողություն է խնդրում տիկին Գայանեից։

«Իմ խոնարհումը, ներողությունը, որպես Աշոտ Բլեյան, որպես Աշոտի ուսուցիչ․․․Էլ ի՞նչ ուսուցիչ, եթե դրանում իր թերությունները չի տեսնում»,-ասել է Բլեյանը։

Նա անթույլատրելի է համարել տեղի ունեցածն ու ասել է, որ խնդիրն առաջին հերթին այն է, որ որպես խափանման միջոց է ընտրվում կալանքը։

Բլեյանը չի ցանկացել ավելին ասել միջադեպի մասին, նշելով, որ նախընտրելի կլիներ, որ այդպիսի խոսակցություն առանձին Աշոտի հետ ունենար։

Վարչապետի որդին Աշոտ Փաշինյանը դատարանում հայտարարել է, որ ինքը դեմ է, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր Գայանե Հակոբյանի խափանման միջոցը տնային կալանքը, փոխարինվի ազատությամբ։ «Տիկին Գայանեն այն նույն անձն է, որ խոչընդոտում էր պաշտոնատար անձանց մուտքը Եռաբլուր։ Այս գործով նույնիսկ տնային կալանքը կարող է շատ ավելի մեղմ համարվել, և ճիշտը կալանքն է»,– հայտարարել է Աշոտ Փաշինյանը:

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի գլխավորությամբ, որոշել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանին կալանավորել 1 ամիս 15 օր ժամկետով։