AM
9 June 2023 - 09:08 AMT

Քոչարյանին և Սարգսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքների վաղեմության ժամկետը լրացել է

ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքների վաղեմության ժամկետը լրացել է։ Երբ հանցանքի ժամկետից որոշ ժամանակ անց մեղադրյալին առաջարկում են դադարեցնել քրեական հետապնդումը առանց պատժի կրման՝ մեղադրյալը ո՛չ արդարացվում է, ո՛չ էլ՝ մեղավոր ճանաչվում։

Չնայած դատարանները Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին դեռ չեն առաջարկել փակել գործերը վաղեմության հիմքով, բայց նրանց պաշտպանական թիմերը հայտնում են, որ պաշտոնաթող նախագահները չեն համաձայնի այս տարբերակին, հայտնում է «Ազատությունը»։

Հերթական դատական նիստից հետո հայտարարեց փաստաբան Ամրամ Մակինյանը հայտարարել է, որ վառելանյութի գործով պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամ հափշտակելը կազմակերպելու համար մեղադրվող Սերժ Սարգսյանն արդարացում է պահանջում:

«Ոչ թե համարում եմ շինծու մեղադրանքը, այստեղ չկա ընդհանրապես հանցագործության դեպք», – ասել է Մակինյանը։

Նախկին նախագահի մյուս փաստաբան Ռուբեն Հակոբյանն ասում է՝ Սարգսյանի հետ այս հարցը չեն էլ քննարկել, դատարանն էլ, ըստ էության, չի խոսել վաղեմության ժամկետը լրանալու մասին՝ իմանալով Սարգսյանի դիրքորոշումը։

«Մենք երբևէ այդ հարցը չենք քննարկել. թե վաղեմություն կլինի, թե որևէ այլ…. ոչ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ հարց չի քննարկվել, որովհետև այս դեպքում չի կարող նման հարց քննարկվել։ Մենք պայքարում ենք միմիայն արդարացման դատական ակտ կայացնելու ուղղությամբ», – ասել է Հակոբյանը։

3 միլիոն դոլար կաշառք ստանալու գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին ևս դատարանը նման առաջարկ չի արել։ Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով, քիչ հավանական է, որ երկրորդ նախագահը որոշի դադարեցնել քրեական հետապնդումն առանց արդարացման հասնելու։

Ստացվում է, որ վաղեմության ժամկետի չկիրառման դեպքում դատարանները կշարունակեն քննել գործերը։ Երրորդ նախագահի փաստաբան Հակոբյանի խոսքով, այս դեպքում երկու ելք կա՝ կամ կկայացվի արդարացման որոշում, կամ էլ մեղադրական դատավճիռ։ Բայց եթե անգամ դատարանները մեղավոր ճանաչեն պաշտոնաթող նախագահներին, նրանք, միևնույն է, չեն ազատազրկվի։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ համակարգից հեռանալու դիմումներ են գրել թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազները։ Ոչ նրանք, ոչ էլ դատախազությունը պատճառներից չեն խոսում։ Սակայն նրանց հեռանալը նշանակում է, որ այս գործերի քննությունը էլի կերկարի։ Այսօր Սերժ Սարգսյանի գործն, օրինակ, հետաձգվեց հենց այդ պատճառով, դատավորը նոր դատախազին մեկ ամիս ժամանակ տվեց՝ գործի նյութերին ծանոթանալու համար։