AM
9 June 2023 - 10:38 AMT

Գայանե Հակոբյանը հրաժարվել է պաշտպաններից

Զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանը, որը մեղադրվում է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման մեջ, հրաժարվել է իր պաշտպաններից։ Այդ մասին հայտնել է Հակոբյանի պաշտպաններից Հովսեփ Սարգսյանը՝ դուրս գալով դատարանից։

Նա ընդգծել է, որ դա եղել է իրենց պաշտպանյալի ցանկությամբ։

Հակոբյանի պաշտպան Գեորգի Մելիքյանն ասել է, որ հակասություն կա իրենց և տիկին Գայանե դիրքորոշումների միջև պաշտպանության մարտավարության հետ կապված, հայտնում է Panorama.am-ը։

«Այդ պատճառով նաև փոխադարձ համաձայնությամբ հրաժարվել ենք ծառայությունից»,- ասել է նա։

Նա ընդգծել է, որ իրենք արդարացման հիմքով պետք է շարունակեին իրենց պաշտպանությունը, սակայն տիկին Գայանեն այլ կարծիքի էր։

«Մենք այլևս լիազորված չենք այս գործի շրջանակում որևէ բան հայտարարել»,- ասել է պաշտպանը։

Նա նշել է՝ քանի որ հանրային պաշտպան պետք է ներգրավվի այս գործով, դատարանն այդ միջոցներն է ձեռնարկում։

Սարգսյանն ասել է, որ վերջին միջնորդությունը ներկայացրել են խափանման միջոցը բացակայելու արգելքով փոխելու վերաբերյալ ու դուրս են եկել դատարանից։

Դատական նիստն անցնում է դռնփակ։ Պաշտպանն ասել է, որ դատարանն արդեն որոշում էր կայացրել նիստն անցկացնել դռնփակ, որն ուղղակի հրապարակեց։

Ինքը՝ Աշոտ Փաշինյանը դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում պնդել է, որ Հակոբյանի արարքը պետք է իրավական գնահատական ստանա, գրում է Aysor.am-ը։

«Յուրաքանչյուր դեպք պետք է իրավական համապատասխան գնահատական ստանա։ Ինչ վերաբերում է «հերոսի մայր» արտահայտությանը՝ դրա մասին արդեն խոսել ենք, ոչ մեկ չի նսեմացրել ու չի կարող նսեմացնել, ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում բոլոր հերոսների ու նրանց հարազատների առաջ», – ասել է Փաշինյանը։

Փաշինյանն ավելի վաղ դատարանում հայտարարել է, որ դեմ է, որ Հակոբյանի խափանման միջոցը տնային կալանքը, փոխարինվի ազատությամբ։