Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանը կեղծ տեղեկությունների արշավը շարունակում է` փորձելով Արցախի ապառազմականացման հարցը բերել ուժի կիրառման դաշտ:
Այս ամենը տեղի է ունենում ՀՀ-Ադրբեջան բանակցությունների միջնորդությունը ստանձնած երկրների աչքի առաջ:
«Որքան փաշինյանական ռեժիմը հարմարվողականություն է դրսևորում ադրբեջանական պահանջների առաջ, իրեն առաջ գցելով Արցախն ու Հայաստանի տարբեր բնակավայրեր ադրբեջանական հռչակում, Ադրբեջանի ախորժակը բացվում է ու ավելին է պահանջում»,-գրել է նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։