Հունիսի 5-8-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում խորը մտահոգությամբ արձանագրվել է հայրենական կյանքում ստեղծված ծանր կացությունը։
Կարևորվել է, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն ազգի արժանապատվությունը ոտնահարող գործողություններից և արտաքին թշնամիների նվաստացուցիչ հավակնություններին ու պահանջներին հակադրեն իրատեսական և բացառապես հայանպաստ դիրքորոշումներ՝ վճռականորեն պաշտպանելով Արցախի ժողովրդի ինքնորոշման անսակարկելի իրավունքը։
ԳՀԽ-ն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին և իշխանություններին՝ արձանագրելով նաև, որ Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքը պաշտպանություն պիտի գտնի համազգային բոլոր շրջանակներում։ Ժողովականներն ընդգծեցին, որպետք է ամեն ջանք ի գործ դնել ժողովրդի միասնության ոգին զորացնելու և համերաշխության մթնոլորտ ձևավորելու համար։
Արցախին ուղղված սոցիալական աջակցության վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Մայր Աթոռի Սոցիալական բաժնի տնօրեն Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը։ Նա ընդգծել է, որ Մայր Աթոռի աշխարհասփյուռ թեմերի գործուն մասնակցությամբ շրջափակման մեջ գտնվող Արցախին տրամադրվել է 360 տոննա մարդասիրական օգնություն։ Տրամադրվող աջակցությունը կլինի շարունակական։
Ժողովականները, մտահոգությամբ են անդրադարձել ադրբեջանական շրջափակման հետևանքով շարունակվող հումանիտար ճգնաժամային իրավիճակին, ընգդծեցին սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայման անհրաժեշտությունը։
Հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման և կրթական հիմնախնդիրների մասին զեկուցել է Եկեղեցական Հայեցակարգային բաժնի տնօրեն Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը՝ տեղեկացնելով, որ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ-ում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ առարկան ամբողջապես դուրս է բերվում կրթական ծրագրից։
Քննարկումների ընթացքում ԳՀԽ-ը, վերահաստատելով իր դիրքորոշումը, անթույլատրելի է համարել առարկայի դուրս բերումը հանրակրթական ծրագրից՝ ընդգծելով, որ այն կարևոր գործոն է սերունդների դաստիարակության ու կրթության առաքելության մեջ։
Քննարկումների արդյունքում ԳՀԽ-ն, հաշվի առնելով Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքների ծավալների ընդլայնման և ընթացող աշխատանքների ժամանակատարության հանգամանքները, որոշել է՝
Մայր Տաճարի վերաօծման արարողությունը հետաձգել մինչ հիմնանորոգման աշխատանքների ամբողջական ավարտը,
Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը կազմակերպել սույն թվականի հոկտեմբերի 1-ին,
Եպիսկոպոսաց ձեռնադրությունը՝ հոկտեմբերի 8-ին։
Ժողովում անդրադարձ է եղել նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության՝ երկարաժամկետ վարձակալության տրված կալվածքների խնդրին և արձանագրվել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կապի մեջ է Պատրիարքարանի հետ և ի մոտո հետևում է ընթացող զարգացումներին։
Ժողովն ատենապետել է Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, իսկ նիստերը վարել ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: