AM
12 June 2023 - 09:48 AMT

«Հայաքվեի» դիմումը հանձնվել է ԿԸՀ

«Հայաքվե» նախաձեռնության դիմումը հանձնվել է ԿԸՀ։ Նախաձեռնությունը հավաքել է ԿԸՀ-ի համար նախատեսված փաթեթը, այն ստորագրված է նախաձեռնող խմբի անդամների կողմից և վավերացված է նոտարական կարգով։

«Հայաքվեի» նպատակը Քրեական օրենսգրքում 2 հոդված ավելացնել է՝ քրեական պատասխանատվություն սահմանելով ցանկացած փաստաթղթի ստորագրման դեպքում, որով Արցախի Հանրապետությունը կընդգրկվի այլ պետության կազմում: Մյուս հոդվածով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու և նրա պատմական նշանակությունը նսեմացնելու համար:

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե ԿԸՀ-ն 10 օրվա ընթացքում դրական պատասխան տա, ապա ստորագրահավաքը կսկսվի մոտ 10 օրից, հայտնում է «Փաստինֆոն»։

Նրա փոխանցմամբ՝ ստորագրահավաքը կարող է տեղի ունենալ համայնքապետարանների, մարզպետարանների, թաղապետարանների, գյուղապետարանների, նոտարական գրասենյակների տարածքում, ինչպես նաև ստորագրողները եթե ունեն էլեկտրոնային ստորագրություն, կարող են մասնակցել ստորագրահավաքին անհատական ստորագրության միջոցով։

Այն հարցին, թե արդյոք այս գործընթացները կկասեցնե՞ն այն բանակցությունների ընթացքը, որ այս իշխանությունները տանում են, Ավետիք Չալաբյանը պատասխանել է, որ պետք է լինի գործողությունների համախումբ։

«Մենք չենք կարծում, որ առանձին վերացրած մի որևէ գործողություն կարող է մեր պատմության ընթացքը փոխել։ Մենք համոզված ենք, որ պետք է լինի գործողությունների համախմումբ և ռազմական, և քաղաքական, և քաղաքացիական անհնազանդության ոլորտներում, և Արցախի բնակչության կողմից վճռականություն ցույց տալու և դիմադրելու ոլորտում։ Դրանք բոլորը միասնականության մեջ պետք է դիտարկել։ Այսօր գալով այստեղ և ներկայացնելով այս դիմումը, մենք բնավ չենք ենթադրում, որ սա միակ գործողությունն է, որ հայ ազգը պետք է իրականացնի, որպեսզի կանխի Արցախի հանձնումը թշնամուն։ Բնավ ոչ, բայց դա այն գործողություններից մեկն է, որը շատ էական կարող է լինել, դրա հիմնական պատճառն այն է, որ այս գործողությունն իրականացվում է սահմանադրական դաշտում, բացարձակ ժողովրդավարական դաշտում, սա ուղիղ ժողովրդավարության օրինակ է, որը Հայաստանում երբևէ չի կիրառվել»,-ասել է նա։

Չալաբյանի խոսքով՝ իրենք ուզում են ապացուցել և մեր բնակչությանը, և այսօրվա գործող և արդեն ոչ լեգիտիմ դարձող իշխանություններին, և նրանց արտասահմանյան հովանավորներին, որ Հայաստանում բնակչությունը չի աջակցում տարվող քաղաքականությունը և այդ չաջակցելը ոչ թե պարզապես խոսակցության, սոցիոլոգիական հարցումների մակարդակով է, այլ վճառական «ոչի» տեսքով է, որ մարդիկ գալիս են ու բաց քվեարկությամբ իրենց բողոքն են արտահայտում։

Ավելի վաղ Չալաբյանն ասել էր, որ 2018-ին ընդունված «Հանրաքվեի մասին» օրենքով քաղաքացիական նախաձեռնությամբ խումբն իրավունք ունի դիմել ԿԸՀ, ներկայացնել օրենքի նախագիծ, ստանալ համապատասխան թույլտվություն և համաքաղաքացիների 50,000 ստորագրություն հավաքելու դեպքում օրենքի ուժով նախագիծը ներկայացել ԱԺ քննարկման, իսկ եթե ԱԺ-ն մերժում է, կամ գործող ԱԺ-ի դեպքում՝ խուսափում է օրենքի քննարկումից, ապա նախաձեռնող խումբն իրավունք ունի դիմելով ԿԸՀ-ին, վերահաստատել նախաձեռնության շարունակութունը և ևս 300 հազար ստորագրություն հավաքելով, օրենքի պարտադիր ուժով օրենքի նախագիծը բերել հանրաքվեի: