AM
13 June 2023 - 09:43 AMT

ՓՊ նախագահը՝ փաստաբանի հանդեպ բռնության մասին. Կարծես` վերադառնում ենք 90-ականներ, անթույլատրելի է

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, անդրադառնալով փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ ոստիկանների կիրառած բռնությանը, ասել է՝ կարծես թե վերադառնում ենք 90-ականներ, անթույլատրելի է։

Փաստաբան Կարեն Ալավերդյանն ավելի վաղ պատմել է լրագրողներին, որ հունիսի 7-ին ոստիկանություն իրեն հանել են աշխատասենյակից, պահանջել հեռանալ ոստիկանության շենքից։ Ինքն առարկել է և փորձել վերադառնալ պաշտպանյալի մոտ։ Փաստաբանի նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ, նրան նաև անհարկի ձերբակալել են, կիրառվել է ձեռնաշղթա և հատուկ միջոցներ։ Ալավերդյանը նշել է, որ այդ ամենը կատարվել է բազմաթիվ խախտումներով։

«Փաստաբանն իր մասնագիտական պարտականությունները կատարելիս ոստիկանության բաժանմունքում ենթարկվում է բռնության։ Սա էլ հերիք չէ, նրա նկատմամբ կիրառվում են հարկադրանքի միջոցներ, ինչը մեզ համար անընդունելի է»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Պալատի նախագահը հիշեցրել է, որ փաստաբանի նկատմամբ բռնության վերջին դեպքը տեղի է ունեցել ընդամենը 4 ամիս առաջ։

«Ես ուզում եմ արձանագրել, որ վերջին տարիներին նման ինտենսիվություն, առհասարակ նման դեպքեր չենք ունեցել։ Կարծես թե մենք վերադարձել ենք 90-ական թվականներ։ Այս երևույթն անթույլատրելի է, փաստաբանական համայնքն արձագանքելու է, արձագանքելու է համարժեք»,-ասել է Բաբայանը։

ՓՊ նախագահը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, ապա ընդգծեց՝ այն մնալու է իրավական պետություն։

ՓՊ նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, անդրադառնալով ոստիկանությունում փաստաբանին ծեծելու դեպքին, նշել է, որ նախորդ անգամ իրենք պահանջել էին օպեր-լիազորներին ազատել աշխատանքից, բայց հիմա դրանով չեն բավարարվելու։

«Հարգելիներս, եթե սա շարունակվեց, շատ վախենալու արարք է։ Մենք սա կուլ չենք տալու»,-ասել է Զոհրաբյանը։

Փաստաբան Կարեն Ալավերդյանը համոզված է, իր նկատմամբ ոստիկանությունում անհարկի ուժ են գործադրել, քանի որ ականատես է եղել իր պաշտպանյալի խոշտանգմանը, գրում է Panorama.am-ը։

Փետրվարի 10–ին Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հայտարարել էր, որ ոստիկանները Էրեբունու բաժնում փետրվարի 9–ին ծեծել են անչափահաս պաշտպանյալի շահերը ներկայացնող փաստաբաններ Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին։ Ավելի ուշ ոստիկանության տարածած պարզաբանման մեջ ասվում էր, որ օպերլիազորներն են բռնության ենթարկվել, ոչ թե փաստաբանները։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաբանների ծեծի միջադեպին մասնակցած ոստիկաններն ազատվել են պաշտոններից։