AM
13 June 2023 - 10:10 AMT

Սիմոնյանը՝ արցախցիների իրավունքի մասին. Եթե այդ հարցը չլիներ՝ խաղաղության պայմանագիրն արդեն 3-4 անգամ կնքել էինք

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցում, անդրադառնալով իշխանությունների` Արցախից հրաժարվելու մասին հարցին, ասել է, որ, եթե արցախցիների իրավունքի հարցը չլիներ, խաղաղության պայմանագիրն արդեն 3-4 անգամ կնքել էին։

«Հիմա մենք բերել ենք Արցախն ինչ-որ կարգավիճակով, ինչ-որ ձևով, ինչ-որ ֆորմատով փորձում ենք հասնել նրան, որ բանակցությունների մաս դառնա, բայց դրա մասին ոչ մեկը չի խոսում, հակառակն են ասում: Եթե այդ հարցը չլիներ խաղաղության պայմանագիրն արդեն 3-4 անգամ կնքել էինք»,-հայտարարել է Սիմոնյանը, գրում է Panorama.am-ը։

Նրա կարծիքով, Ադրբեջանը փորձում է ստեղծված իրավիճակից հնարավորինս ավել ստանալ, որը հասկանալի է:

«Իրենք չեն ուզում կրկնել այն սխալները, որոնք մենք 90-ականներին ունեցել ենք: Միևնույն ժամանակ, իմ գնահատմամբ, իրենք իրենց սխալներն են անում և շատ բաներ հաշվի չեն առնում»,- հայտարարել է նա:

Մեկնաբանելով ՔՊ-ի վարկանիշի անկման մասին հարցը՝ Սիմոնյանն ասել է. «Ես վստահ եմ, որ եթե եկող շաբաթ նոր ընտրություններ լինի, ՔՊ-ն ավելի շատ ձայն կհավաքի, քան պատերազմից հետո: Մոռանում եք, որ պատերազմից հետո, որն ամենամեծ ցավն էր մեր բոլորի համար, մենք 54 % ձայն հավաքեցինք, ո՞վ էր դրան հավատում»:

Սիմոնյանը նաև պնդել է, որ Վաշինգտոնում ԱԳ նախարարների հանդիպման հետաձգման պատճառը հակասությունները կամ պրոցեսները չեն կարող լինել, դրանք շարունակվում են՝ մի քանի հարթակով:

«Ես ասում եմ, որ իմ ընկալմամբ, համադրելով փաստերը, Թուրքիայի նորընտիր նախագահի՝ Բաքու ժամանելն է հանդիպման հետաձգման պատճատն: Ըստ իս, դա է»,-ասել է նա։

ԱԺ նախագահն անդրադարձել է նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման գործընթացում առկա տարաձայնություններին:

«Ընդհանուր ընկալում կա, բայց տարաձայնությունները տեխնիկական են, օրինակ, խոսքը գնում է մի պետության մեջ տեղաշարժման մասին: Ադրբեջանի դիրքորոշման մեջ հիմնական կարմիր գիծն այն է, որ նա իր երկիրից երրորդ երկիր չի տեղափոխվում Բաքվից Նախիջևան գնալուց: Բաքվի պատկերացմամբ, այն ենթադրում է, որ մենք պետք է այլ տարբերակ հասկանանք, օրինակ՝ հեշտացված կամ այնպես, ինչպես Նախիջևանի տարաքծով մենք իջնենք Մեղրի, այլ հարց է, թե մեզ որքանով է այդ ճանապարհը պետք»,-ասել է Սիմոնյանը և հավելել, որ Հայաստանը կողմնակից է բոլոր ճանապարհների ապաշրջափակմանը:

Ըստ ԱԺ նախագահի՝ եթե լարված իրավիճակում են երկու երկրները ապրելու, ապա այդ ճանապարհն անիմաստ է լինելու և լավ կլինի, որ Ադրբեջանը դա հասկանա:

Բրյուսելում մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Շառլ Միշելը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու հանձնառությունը։ «Առաջնորդները վերահաստատել են իրենց անվերապահ հանձնառությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջանի 86, 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը», – հայտարարել է Միշելը։ Այդ հայտարարությունը Ռեյկյավիկում կրկնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հուլիսի 21-ին նախատեսվում է ՀՀ վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի հանդիպումը։