ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, ԼՂ պաշտպանության բանակի կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ:
Նշվում է, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների համար։
ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և հետաքննել Ադրբեջանի կողմից հնչեցվող բոլոր դեպքերը՝ հանրայնորեն ներկայացնելով իրերի ամբողջ դրությունը:
«Հատկանշական է, որ ՌԴ խաղաղապահների կողմից հրապարակվող տեղեկատվական նյութերում արձանագրվել են հրադադարի` միայն ադրբեջանական կողմից խախտումներ:
Հաշվի առնելով արդեն իսկ ավանդական դարձած ադրբեջանական փորձը՝ ուժի կիրառման հերթական գործողություններն իրականացնելուց առաջ ապահովել դրանց «տեղեկատվական նախապատրաստումը» և ապագա գործողությունների պատասխանատվությունն արհեստականորեն ի սկզբանե վերագրել մյուս կողմին՝ առկա են լրջագույն մտահոգություններ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ի հեճուկս իր իսկ կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների և էթնիկ զտումների իրականացման համար:
Միևնույն ժամանակ Հայաստանը վերահաստատում է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտության վերաբերյալ, որը ևս կարող է հավաստի և անկողմնակալ տեղեկատվություն տրամադրել ինչպես կողմերի միջև շփման գծում իրավիճակի վերաբերյալ, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, որն առաջացել է Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կարգի խախտմամբ ապօրինի անցակետ տեղադրելու միջոցով Լաչինի միջանցքի գործունեության խաթարման, Լեռնային Ղարաբաղի բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումներն Ադրբեջանի կողմից արգելափակելու, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներին և գյուղատնտեսական տեխնիկան ադրբեջանցի զինվորականների կողմից թիրախավորելու միջոցով:
Հայաստանի Հանրապետությունը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով հրատապ է և անհետաձգելի և միջազգային հանրությանը կոչ է անում աջակցել այս գործընթացին»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ :
Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի ՊՆ- ն, փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի յուրաքանչյուր օր արձանագրվող խախտումները, «շարունակում է խեղաթյուրել իրականությունը, հերթական անգամ հայտարարելով Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի ուղղությամբ իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին»,-ասվում է հայտարարության մեջ։
ԼՂ-ի և ԼՂ հայության դեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 28-ին հնչեցրած սպառնալիքներին հաջորդել են Արցախի ՊԲ կողմից իբր հրադադարը խախտելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները։