ԱՄՆ դեսպանատունը զգուշացում է հրապարակել՝ ամառային զբոսաշրջային շրջանի մեկնարկի կապակցությամբ հիշեցնելով ԱՄՆ քաղաքացիներին, որ կան վայրեր, ուր խորհուրդ չի տրվում այցելել ՀՀ և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության պատճառով։ Նշվում է, որ 2022-ի սեպտեմբերի համեմատ որոշակի մեղմացում կա։
Նշվում է, որ անցումը Երասխով թույլատրելի է, կանգառը՝ արգելված։
ԱՄՆ քաղաքացիներին, դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին խորհուրդ չի տրվում այցելել Տավուշի մարզ Н37 ավտոճանապարհով՝ Վարագավանից արևելք, Н36 ճանապարհով՝ Նավուրից դեպի արևելք, ինչպես նաև Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից դեպի արևելք։
«Խորհուրդ չի տրվում Ջերմուկ այցելելիս, օգտվել Վայոց ձորի H42 և H43 ճանապարհներով, Գետիկի մոտով։ Խորհուրդ չի տրվում այցելել Սյունիքի մարզ։ Այցերը Լեռնային Ղարաբաղ նախկինի պես արգելված են»,-ասվում է գրառման մեջ։
Նշվում է նաև, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է զգուշավոր լինեն ՀՀ և Ադրբեջանի սահմանների մոտակայքում, խուսափեն ուղևորություններից ԼՂ հակամարտության գոտի և շփման գծի մոտակայք։
«ԱՄՆ կառավարությունը չի կարող շտապ ծառայություններ մատուցել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում և մերձակայքում, քանի որ հասանելիությունը սահմանափակ է»,-ասվում է զգուշացման մեջ։