ՀՀ ԱԳՆ-ն, անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ կողմից բացված կրակին Երասխի մոտ տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների նկատմամբ, հայտարարել է, որ ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է վարել օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:
«Սրան նախորդել էին Ադրբեջանի կեղծ մեղադրանքները հայկական կողմի հասցեին վերոնշյալ գործարանի կառուցման վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունը նախորդիվ արդեն հայտնել էր, որ գործարանի կառուցումը լիովին համապատասխանում է իր միջազգային պարտավորություններին, և որ Ադրբեջանի կեղծ անհանգստությունը պարզապես նպատակ ունի խոչընդոտել Հայաստանի տնտեսական զարգացումը և օտարերկրյա ներդրումները:
Այժմ, գնդակոծելով կառուցվող գործարանը, Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ: Ավելին՝ Ադրբեջանը հետևողականորեն ապացուցում է, որ ՀՀ հետ բոլոր ուղղություններով բանակցային գործընթացներում առաջնորդվում է միմիայն ուժի ապօրինի կիրառմամբ իր ցանկալի լուծումները Հայաստանի Հանրապետությանը պարտադրելու սկզբունքով, ինչի համար նպաստող կամ խրախուսող միջավայր է ընկալում միջազգային հանրության մեղմ արձագանքը և ամենաթողությունը»,-ասվում է հայտարարության մեջ։
ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը հստակ քայլեր ձեռնարկել՝ սահմանափակելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և վերջինիս անհիմն, անտրամաբանական և կամայական պահանջներին ուժի և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով հասնելու անընդունելի քաղաքականությունը:
Ավելի վաղ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը հայտարարություն էր տարածել ՀՀ տարածքում, Նախիջևանի հետ սահմանակից վայրում, մեծ մետալուրգիական գործարանի կառուցման կապակցությամբ՝ «վտանգավոր» որակելով «այդ պլանները»։ Ըստ Ադրբեջանի, Հայաստանը պետք է իր գործողությունները համաձայնեցներ Ադրբեջանի հետ և պետք է շրջակա միջավայրի վրա ազդեցության փաստաթուղթ պատրաստվեր։
Երասխում կառուցվում է 70 մլն դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան զրոյից։ Արտադրամասը 30 մ բարձրությամբ ու 16,500 քմ մակերեսով շենք է, որտեղ տարեկան թողարկվելու է 180,000 տոննա արտադրանք։