AM
15 June 2023 - 06:26 AMT

ԵՄ դիտորդներն այցելել են Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի տարածք

Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության անդամներն այցելել են Երասխում կառուցվող գործարանի տարածք, որը գնդակոծվել է Ադրբեջանի ԶՈւ կողմից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«ԵՄ դիտորդներն այցելել են Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման տարածք, որը գնդակոծվել է Ադրբեջանի կողմից»,- ասվում է գրառման մեջ։

Հունիսի 13-ից Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակ է բացում Երասխի ուղղությամբ։ Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։

ՀՀ ԱԳՆ-ն, անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ կողմից բացված կրակին Երասխի մոտ տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների նկատմամբ, հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է վարել օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: