Ձերբակալվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Այդ մասին հայտնել էր նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ Աշոտյանը ձերբակալվել է խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով, հայտնում է Aysor.am-ը։
«Նա «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում խախտել է խափանման միջոցի պայմանները», – ասել է Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ գործի վերաբերյալ մանրամասները կհայտնեն ավելի ուշ։
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով, 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց հարցը քննելու համար։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, հայտնում է Aysor.am-ը։
«Որպես ձերբակալման հիմք է նշված, որ նա խախտել է բացակայելու արգելք խափանման միջոցի պայմանները։ Նշված չէ, թե ինչով է խախտվել։ Քննիչին այդ հարցն ուղղեցի՝ պարզաբանում չստացա», – ասաց պաշտպանը։
Աթանեսյանն ասաց, որ լրացվել է նաև Աշոտյանին առաջադրված մեղադրանքը.
«Ոչ թե փաստական կազմը, այլ՝ որակումները։ Ամբողջությամբ նույն մեղադրանքն է, որի շուրջ մենք 8 ամիս չենք հարցաքննվել։ Մի հոդված են ավելացրել՝ վատնման կազմակերպում»։
Աշոտյանի փաստաբանն ասել է, որ մեղադրանքը պարզապես ծիծաղելի է։
«Բոլորս հասկանում ենք, որ վատնման և փողերի լվացման համար ինչ-որ գումար պետք է կորչի։ Գումար չի կորչել, այդ գումարը դարձել է անշարժ գույք, որը հենց հիմա պատկանում բժշկական համալսարանին և հիմա արժի 2 անգամ թանկ, քան երբ ձեռք է բերվել», – ասել է Աթանեսյանը։